
Թովմասյան հիմադրամի նախադեպը չունեցող բարեգործական նախաձեռնությունն սկսվել էր դեռեւս մայիսի 2-ին «Միասին Մենք Կարող ենք» խորագրով՝ նպատակ ունենալով աջակցել առողջապահական համակարգին՝ COVID-19-ի դեմ պայքարում:
Նախաձեռնությունը կրում էր մասշտաբային բնույթ, որի շրջանակներում միացան հարյուրից ավելի միջազգային աստղեր, սահմանները ներառեցին աշխարհի ավելի քան 4 մայրցամաքներ: Եվ ինչպես տեսնում ենք, հավաքագրված գումարները ծառայեցին իրենց հիմնական նպատակին: Թովմասյան Բարեգործական հիմնադրամը, Վանաձորի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցների ներկայացրած հայտերի հիման վրա եւ անկախ հասարակական խորհրդի որոշմամբ, հավաքագրված գումարներից ավելի քան 50 մլն դրամն ուղղեց մարզային հիվանդանոցներ՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
Առաջին կանգառը Լոռու մարզն էր: Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցը Թովմասյան հիմնադրամի շնորհիվ համալրվեց շվեցարական Ռոշ ֆիրմայի նոր իմունոֆերմենտային ախտորոշիչ սարքավորումով եւ հիվանդների համար անհրաժեշտ մահճակալներով: Բացի այդ հիվանդանոցին կից կառուցվում է թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ, որն առայժմ ընթացքի մեջ է եւ շուտով կհանձնվի շահագործման: Նման կարեւորագույն սարքավորումներն ուղղակիորեն անհրաժեշտ են մարզերում հիվանդների կյանքը փրկելու համար:
Այս քայլի կարեւոր նշանակությունը կրկնապատկվում էր, երբ տեսնում էինք բժիշկների աչքերում հուզմունք եւ անսահման երախտագիտության զգացում: Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը եւ ողջ բուժանձնակազմն անդադար իրենց խորին շնորհակալության խոսքերն էին արտահայտում Հիմնադրամին՝ նման նախաձեռնության եւ մասնավորապես իրենց աջակից լինելու համար:
Հաջորդ կանգառը Գյումրին էր: Հիմնադրամը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին եւս տրամադրել է շվեցարական Ռոշ ֆիրմայի Cobas E 411 նոր իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք եւ պացիենտ մոնիտոր։ Ի դեպ նման սարքավորումով համալրված է Երեւանի ընդամենը երկու խոշոր հիվանդանոց, եւ փաստորեն՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը թվով երրորդն է:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հյուրընկալելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, ողջունեց եւ իր երախտագիտությունը հայտնեց այսօրինակ օգտակար նախաձեռնության համար. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Թովմասյան» հիմնադրամին համավարակի հետ պայքարում մեր մարզին աջակցելու համար։ Այս փուլում նման աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար, քանզի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով այս ախտորոշիչ սարքավորումն իսկապես մեծ կարեւորություն կունենա»։
Ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում իմունոլոգիական հետազոտություններ անցկացնել տարբեր վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի նկատմամբ։ Անհերքելի է, որ նման սարքերի շնորհիվ կարող ենք փրկել հարյուրավոր հիվանդների կյանքեր:
Հիմնադրամին իր հատուկ երախտագիտությամբ միացավ նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով մեծ գնահատական տվեց նախաձեռնությանը եւ շնորհակալություն հայտնեց, որ կարեւորություն է տրվել Շիրակի մարզին՝ մասնավորապես Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին:
Հպարտության անբացատրելի զգացում է, երբ տեսնում ենք մեր քրտնաջան աշխատանքի, բարության և միասնության արդյունքը: Այո, մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ «Միասին մենք կարող ենք», և որ բարությունը սահմաններ չունի:
Ուզում եք աջակցել
մեր նախագծերին?
Կապ մեզ հետ
Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել
- +374 43 040704
ՀՀ տարածք
-
tovmasyanfoundation@all.me
-
Երևան, ՀՀ - Պարոնյան 40